Ա. Պետրոսյան. «Թուրքերի հետ հարաբերություններում պետք է դանդաղ շտապել»

Ա. Պետրոսյան. «Թուրքերի հետ հարաբերություններում պետք է դանդաղ շտապել» 2018-05-24 04:46:38

«Անընդհատ գոռալով, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք, որ մեր հայացքն ուղղված է դեպի Եվրոպա, պիտի կարողանաք նաև քաղաքակրթության լավ տարրերը պահպանել»,-այսօրվա ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանը: 

Միևնույն ժամանակ Ա. Պետրոսյանը հատկանշեց, թե ժողովուրդը ստեղծված է իշխանություններին «անընդհատ հետապնդելու» համար, քանի որ, ըստ նրա, երբ ժողովուրդը սկսի իշխանություններից գոհ լինել «երկիրը կանգ է անռելու, ժողովուրդը մեռնելու է, առաջընթաց չի լինելու»: 

Որպես քաղաքացի, Ա. Պետրոսյանը շատ հարցերից գոհ չէ. կադրային քաղաքականությունը, ըստ նրա, դանդաղում է, կոռուպցիան չի վերանում: 

«Ես մի բանից եմ գոհ: Իմ անձնական կարծիքն ունեմ հայ –թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Շատ կարևոր բան է պատահել, այս ժողովուրդը սթափվեց ու հասկացավ, որ թուրքը մնում է թուրք»,-ասաց Ա. Պետրոսյանը: 

Խոսելով հայ-թուրքական արձանագրություններից` նա նշեց, որ Դեր Զորում Հանրապետության նախագահի ելույթից հասկացել է, որ հարաբերություններ նոր տարրեր կմտնեն: 

Նրա խոսքով, հանրապետության նախագահը «պատրաստակամ է շփումներին»: 

Ա. Պետրոսյանը նաև նշեց, որ իր կարծիքով, թուրքերի հետ հարաբերություններում հայերը պետք է «դանդաղ շտապեն»: 

Բանախոսը, խոսելով Մարաղայի կոտորածի մասին, նշեց, որ Մարաղայում, Մարտունաշենում և Արծվաշենում տեղի ունեցածը ցեղասպանություն է: 

Իսկ դրա մասին, ըստ Ա. Պետրոսյանի, պետք է անընդհատ բարձրաձայնել: ՀՅԴ-ականը նշեց, որ որպես Հայաստանի քաղաքացի, հայ, ինքը վիրավորված է այն պետություններից, որոնք քաղաքական նպատակներով «ցինիկաբար» օգտագործում են Ցեղասպանության փաստը: 

«Մենք պետք է աշխարհով բարձրաձայնենք, որ մեր ցեղասպանությունը առաջինն էր 20-րդ դարում: Ու պետք է ապացուցենք, որ Խոջալույի պատմությունը կոպիտ ֆարս է, որ Մարաղայում և Արծվաշենում տեղի ունեցածը` ցեղասպանություն է»,-եզրափակեց Ա. Պետրոսյանը: