ՄԱՐԱՂԱՆ` 20-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ԳՈՂԳՈԹԱ

ՄԱՐԱՂԱՆ` 20-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ԳՈՂԳՈԹԱ 2018-05-24 04:44:42

«Դա նման էր Գողգոթային... շատ տարիներ անց»: Սրանք բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերն են: Նորօրյա Գողգոթան, որի մասին խոսում է բարոնուհին, Մարաղայի ողբերգությունն է: 

1992թ. ապրիլի 10-ի լուսաբացը Մարաղայում արյունոտ էր, առավոտ լուսոն բացվեց դաժան ողբերգությամբ, ադրբեջանական հրոսակների անմարդկային ոճրագործությամբ: Օդում արյան գաղջ հոտն էր, այրվող տների թանձր ծուխը, վիրավորների ու հարազատներին կորցրածների լացն ու կականը, իսկ շուրջբոլորը դիակներ էին, մարդկանց կտրտված մարմնամասեր: 

«Ես երբեք չեմ մոռանա այդ ահավոր օրը, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Մարաղայի վրա: Մարաղայի բնակիչները լիովին անպաշտպան էին, նրանք գրեթե ոչինչ չունեին թշնամուն դիմակայելու համար: Ես տեսա երիտասարդ մի տղայի, որ փորձում էր ազերիների տանկի դեմն առնել որսորդական հրացանի օգնությամբ: Մարաղայի սպանդի ամենադաժան տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին: Ես տեսել եմ, տեսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գլխատում մարդկանց, տեսել եմ վառված դիակներ, ըստ երևույթին, որոշ մարդկանց նրանք կենդանի էին վառել: Նրանք հիմնահատակ քանդում ու վառում էին հայերի տները, սակայն վառելուց առաջ թալանում էին դրանք` այնտեղից դուրս բերելով այն ամենն, ինչ իրենց չէր պատկանում: 1992թ-ին ադրբեջանցիները Մարաղայում հանցանք են գործել ողջ մարդկության դեմ»,-նույնիսկ շատ տարիներ անց, չկարողանալով զսպել արցունքները, կպատմի բարոնուհի Քոքսը: 

Մարաղայի ողբերգությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողությունների և էթնիկ զտումների համակարգված, հետևողական շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցվել է մարդկության տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանություններով: Սակայն նույնիսկ նման սև ֆոնին առանձնանում է Մարաղայի ողբերգությունը: Ահա թե ինչ է պատմում ադրբեջանական դաժան մսաղացից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանը. 

«Ապրիլի 9-ին, երեկոյան մոտավորապես ժամը վեցին սկսվեց գյուղի ռմբակոծումը, ինչին արդեն վաղուց սովորել էինք: Կրակում էին Ալազանից, թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Այդ ժամանակ ամուսնուս հետ գտնվում էինք նկուղում, ուր ապրում էինք գրեթե երեք տարի: Ապրիլի 10-ի առավոտյան ժամը 6-ի մոտ սկսվեց փոթորկալից գնդակոծություն. արկերը պայթում էին գրեթե ամեն վայրկյան: Գյուղի վրա 3000-ից ավելի արկ է պայթել: Այդպես շարունակվեց մինչև ժամը 14-ին մոտ: Այդ ժամանակ տեղեկացանք, որ ադրբեջանցիներն արդեն գյուղ են մտել: Բոլոր նրանք, ովքեր չկարողացան լքել գյուղը, մորթվեցին, այրվեցին կամ գերեվարվեցին: Իսկ փախչողներիս դժոխային ճանապարհ էր սպասում` ռմբակոծությունների ներքո…»: 
 

Ադրբեջանական հրոսակները թալանել են բոլոր տները, իսկ այն ամենը, ինչ չեն կարողացել թալանել, այրել են` հաճախ` տանտերերի հետ միասին: Բնակիչներին կոտորել են ամենադաժան եղանակներով` այրել, անդամահատել, անգամ սղոցել: Դաժան կոտորածների արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է ավելի քան 80-100 մարաղացի, այդ թվում` 30-ը` կանայք, 40-ից ավելի մարդ վիրավորվել է, ևս 63-ը գերեվարվել են: Վերջիններիս թվում եղել է ինը երեխա: Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին` ծնողների, զավակների, հարազատների աչքերի առջև: Պատանդ տարված մարաղացիներից յոթը վերադարձվել են, 17-ը փոխանակվել են, մեկը գնվել է, մեկին հաջողվել է փախչել գերությունից, ութ հոգու սպանության մասին տեղեկություններ են ստացվել, ևս 29-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Մեկ մարդ սպանվել է փոխանակման պահին, մեկն էլ` փախուստի փորձ կատարելիս: 

Ականատեսների վկայություններին հնարավոր չէ սառնասրտորեն ծանոթանալ, դրանք պարունակում են դաժան նկարագրություններ, սահմռկեցուցիչ մանրամասներ, որ մարդկային տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս են: Միևնույն ժամանակ այդ ամենը ցավալիորեն այնքան ծանոթ է` դեռ 19-րդ դարի վերջից ու 20-րդ դարի սկզբներից: Մեկ դարից ավելի թուրք-ազերիական ձեռագիրն այդպես էլ չի փոխվել, չի փոխվել նաև նրանց բնույթը… 

…Մարաղան այսօր դեռ շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, ու, ինչպես ցույց են տալիս արբանյակից կատարված պատկերները, ժամանակի ընթացքում ազերիները գողացել են նաև տների քարերն անգամ: 

Իսկ մարաղացիները վստահ են, թե նորից վերադառնալու ու շենացնելու են հայրենի գյուղը: