«Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլին

sfdfd

Ավարտին են մոտենում «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի խոսքերով, նկարահանող խմբին հաջողվել է ի հայտ բերել լուսանկարչական նյութեր և տեսագրություններ, որոնք լույս են սփռում ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների` նախկինում անհայտ մնացած մանրամասների վրա: 

 

Ֆիլմում տեղ գտած փաստերը թույլ կտան առավելագույն մանրամասնությամբ պատմել հայերի հանդեպ 20-րդ դարավերջին իրականացված ցեղասպանության մասին, երբ 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթում գազանաբար իրականացվեցին հայերի ջարդեր ու կոտորածներ: 


«Մեր տրամադրության տակ կային ԽՍՀՄ Գլխավոր դատախազության օպերատիվ նկարահանումները, նախաքննության և դատաքննության նյութեր, լուսանկարներ, որոնք կատարվել էին Ադրբեջանի դիահերձարաններում, ուր տեղափոխվել էին տանջամահ արված հայերի դիակները»,- ասում է Մարինա Գրիգորյանը: Ըստ նրա` այդ կադրերը ոչ միայն ցնցող են կատարված հանցագործությունների աննախադեպ դաժանության առումով, այլև ապացուցում են, որ «սումգայիթի» զոհերի թիվը շատ ավելի մեծ է պաշտոնական տվյալներից: «Եվ ամենագլխավորը` մենք գտանք անհերքելի ապացույցներ այն մասին, որ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը ամենայն մանրամասնությամբ նախապատրաստվել, կազմակերպվել և ուղղորդվել է Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից` Հեյդար Ալիևի գլխավորությամբ»,- ասաց նա: 

Նախագծի ղեկավարը հավելեց, որ ֆիլմում ներկայացված են նաև փաստեր, որոնք այս տարիների ընթացքում բծախնդրությամբ թաքցվել են, քանի որ ականատեսները ստորագրել էին գաղտնիքի չհրապարակման մասին փաստաթուղթ: Միևնույն ժամանակ, ֆիլմը հիշեցնում է հայերի պարտադրված ինքնապաշտպանական գործողությունների մասին, որոնք, ըստ էության, Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի պատմական հաղթանակի «սկզբնաղբյուրը» դարձան: «Այդ մարդիկ մի քանի ժամ շարունակ փաստացի առանց զենքի պաշտպանում էին իրենց ընտանիքները գազազած ամբոխից` զոհվելով հերոսի մահով»,- ասաց Մ.Գրիգորյանը: 

«Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ապրիլի առաջին կեսերին, երբ հիշատակվելու է Ղարաբաղի Մարաղա գյուղում տեղի ունեցած ողբերգության 18-րդ տարելիցը, ողբերգություն, որը Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայերի հանդեպ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպան գործողությունների հերթական դրսևորումներից էր: 

«Սովորական ցեղասպանություն» նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ: Շարքի առաջին` «Բաքու, հունվար, 1990» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց Բաքվի ջարդերի 20-ամյակի օրերին: