Արցախ աշխարհի ճարտարապետությունը

Հազարամյակների ընթացքում Արցախում ձևավորվել է ուրույն ճարտարապետություն իր գեղարվեստական և պատմական արժեքներով: Արցախի ավանդական ճարտարապետությունը եկեղեցական ճարտարապետությունն է` եկեղեցիների, վանքերի, մենաստանների և այլնի: Այստեղ ոչ մեծ տարածության վրա կենտրոնացված են նախորդ դարերի կրոնական և մշակութային մեծ թվով հուշարձաններ: Արցախում հայկական մշակութային հուշարձանների թիվը գերազանցում է չորս հազարը: Երկրի պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը գտնվում է գյուղական շրջաններում: 

Այսօր կարելի է հիանալ հայկական ճարտարապետության հրաշալի գլուխգործոցներով, որոնք իրենց մեծածավալությամբ և ձևավորման հմայիչ լուծումներով կենտրոնացնում են ստեղծագործ ժողովրդի ամբողջ բազմադարյան արարչությունը՝ հայկական ճարտարապետության մարգարիտը` Գանձասարի վանքը, V-VI դարերի հրաշալի վանական համալիր Դադիվանքն իր տասը կառույցներով, Ամարասը, Վաչագան Բարեպաշտի վանքը և քրիստոնեական պատմության և Ղարաբաղի մշակույթի շատ ուրիշ հուշարձաններ:

Արցախում պահպանվել են ոչ միայն քրիստոնեական, այլև իսլամական ճարտարապետության հուշարձաններ: Այսպես, մինչև մեր օրերը պահպանվել են 19-րդ դարավերջի 6 մզկիթներ, որոնցից երեքը Շուշիում, և մեկական` Աղդամում, Հորադիզում և Վարանդայում (Ֆիզուլիում): Բացի այդ, պահպանվել են մահմեդական գերեզմանատներ և դամբարաններ:  

Հետաքրքիր ճարտրապետություն ունի Արցախի կենտրոն Ստեփանակերտը: Աշխարհում բազմադարյան պատմություն ունեցող քիչ քաղաքներ կան, որ կարող են հպարտանալ փողոցների մաքրությամբ և գեղեցկությամբ: Ստեփանակերտը կարող է: Սա փոքրիկ, մաքուր և կանաչ քաղաք է, որի գեղեցկությամբ հիանում է յուրաքանչյուր այցելու: Չէ՞ որ մաքուր է ոչ այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Եվ Ստեփանակերտի բնակչության հենց այս որակը շատ բան է ասում նրա մշակույթի, հյուրընկալության, կենցաղի, զբոսաշրջիկների և հենց իրենց հանդեպ հարգանքի մասին:

Փողոցներով անցնելիս կարելի է նկատել բազմաթիվ հուշարձաններ` ստեղծված երկրի ժամանակակից վարպետների կողմից: Ռոբերտ Պետրոսյանի քանդակը` «Ղարաբաղցի այան», կերպավորում է ղարաբաղցի տատիկին` իշխանություն ունեցող կնոջը, ընտանեկան օջախի և հին ավանդույթների պահապանին: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` «Պյատաչյոկ» անունով վայրում և շրջապատված է փոքրիկ ծառերով: «Կանաչ զբոսայգում» (ժողովուրդը կոչում է «Վերին զբոսայգի») բարձր պատվանդանին վեր է խոյանում հպարտ արծիվը` ազատության, իշխանության, անմահության, հեռատեսության և ուժի խորհրդանիշը: Հետաքրքիր աշխատանք է «Երեք ակունք» աղբյուր-քանդակը, որը գտնվում է Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի կողքին: Նկարիչը փոխանցում է հոգու երեք վիճակ` ուրախություն, մտահոգություն և տխրություն: Աղբյուրի ջուրը պարզ է և ունի հիանալի համ: