Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին 2018-05-24 04:41:02

Նամակ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, 
թվագրված 2004թ. մարտի 10-ով

Ի պատասխան Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակին և դրան կից անվտանգության խորհրդի հատուկ փաստաթղթին (S/2004/165), թվագրված 2004թ. փետրվարի 26-ով, պատիվ ունեմ ներկայացնելու «Ճշմարտություն Խոջալուի դեպքերի մասին. վկայություններ ադրբեջանական աղբյուրներից» վերնագրով մի հուշագիր (նայիր կցումը):

Շատ երախտապարտ կլինեմ Ձեզ այս նամակի տեքստը և դրան կից անվտանգության խորհրդի հատուկ փաստաթղթը տարածելու համար:

(Ստորագրություն) Արմեն Մարտիրոսյան՝
Մշտական և լիազոր ներկայացուցիչ

Կցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին 
Հայաստանի մշտական ներկայացուցչի կողմից 2004թ. 

Ճշմարտություն Խոջալուի դեպքերի մասին

Վկայություններ ադրբեջանական աղբյուրներից

Խոջալուի դեպքերից հետո արդեն 12 տարի պաշտոնական Բաքուն փաստերը կեղծելու նպատակով համառորեն հակահայկական հիստերիա է հրահրում՝ փորձելով այդ ողբերգական դեպքերի ողջ պատասխանատվությունը դնել հայերի վրա:

Խոջալուի դեպքերը, որոնք հանգեցրեցին խաղաղ բնակիչների ոչնչացմանը, Ադրբեջանում քաղաքական ինտրիգների  և իշխանության համար պայքարի արդյունք էին: Տեղի ունեցածի իրական պատճառները ավելի համոզիչ կերպով արտահայտված են ինչպես դեպքերի մասնակից և ականատես, այնպես էլ Բաքվի անցուդարձերին քաջատեղյակ ադրբեջանցիների պատմություններում:

Խոջալուն Շուշիի և Աղդամի հետ մեկտեղ հանդիսանում էր այն կարևոր հենակետերից մեկը, որտեղից 1991-92թթ. երեք ձմեռային ամիսների ընթացքում հրետանային զենքերից և հրթիռների միջոցով կրակի տակ էր առնված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:

Խոջալուի կրակակետերի ճնշումը և այդպիսով օդանավակայանի շրջափակման վերացումը միակ միջոցն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ապահովելու իր՝ Ադրբեջանի կողմից հիմնովին բնաջնջման դատապարտված բնակչության ֆիզիկական գոյությունը: Մոտակա Խոջալուից Ստեփանակերտի ամենօրյա գնդակոծումները հարյուրավոր մարդկանց, այդ թվում կանանց, երեխաների և ծերերի կյանք էին խլում:

Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալլիբովը նշել է, որ հարձակումը Խոջալուի վրա անակնկալ չէր:1 1992թ. ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված իր հարցազրույցում նա նշեց, որ հայերի կողմից միջանցք էր բացվել, որպեզսի բնակչությունը հեռանար:2 Սակայն Աղդամի մատույցներում խաղաղ բնակչության շարասյունը ենթարկվեց գնդակոծման Ադրբեջանի Ազգային Ճակատի խմբավորումների կողմից: Հետագայում այս փաստը հաստատվեց Այազ Մութալլիբովի կողմից, որն այդ հանցավոր գործողությունը կապեց ընդդիմության՝ իրեն իշխանությունից հեռացնելու և տեղի ունեցածի ողջ մեղքը իր վրա բարդելու փորձերի հետ: Ռուսական «Նովոյե վրեմյա»  ժուռնալին տված հարացազրույցում Մութալլիբովն ասեց, որ Խոջալուի բնակչության սպանդը ակնհայտորեն կազմակերպված է եղել ոմն մեկի կողմից Ադրբեջանում իշխանությանը հասնելու համար:3

Ադրբեջանցի լրագրող Մ.Սաֆարլին նշում է. «Խոջալուն կարևոր և ստրատեգիական դիրք էր զբաղեցնում: Խոջալու կորուստը նշանակում էր քաղաքական ձախողում Մութալլիբովի համար»:4

Բացի դրանից պահպանվել են ադրբեջանցի լրագրող Արիֆ Յունուսովի վկայությունները: Նա հստակ ասում էր. «Քաղաքը և նրա բնակչությունը միտումնավոր զոհաբերվեցին մեկ քաղաքական նպատակին՝ այն է, ոչ մի կերպ չթողնել, որպեսզի ԱԱՃ հասնի իշխանության»:5 Այս դեպքում սակայն հենց ադրբեջանցիներն են անվանվում ողբերգության մեղավորներ:

Ինչպես հայտնի է, նմանատիպ կարծիքներ և դիտողություններ են հնչել նաև ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և լրագրողների կողմից:

Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ Թամերլան Գարաևը ասում է. «Ողբերգության մեղավորը Ադրբեջանի իշխանություններն են, իսկ ավելի կոնկրետ բարձր դիրք զբաղեցնող մարդկանցից ոմն մեկը»:6

Չեխ լրագրող Դանա Մազալովան ադրբեջանցիների անուշադրության արդյունքում հայտնվել էր ԶԼՄ ներկայացուցիչների երկու խմբերում, որոնց ցույց էին տվել «հայերի կողմից այլանդակված» դիակներ: Մազալովան երկու դեպքում նկատել էր էական տարբերություններ. երբ նա դեպքի վայր էր հասել ողբերգությունից անմիջապես հետո, դիակների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի որևէ նշույլ չէր նկատել: Այնինչ երկու օր անց լրագրողներին ցույց էին տվել արդեն նկարահանմանը «պատրաստ» դիակներ:

Ո՞վ է սպանել Խոջալուի բնակիչներին և այլանդակել նրանց դիակները, եթե ողբերգությունը տեղի է ունեցել ոչ թե հայերի կողմից գրավված գյուղում կամ բացված հումանիտար միջանցքում, այլ Աղդամի մատույցներում՝ մի տարածքում, որն ամբողջովին գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո:

Ադրբեջանցի անկախ լրագրող Չինգիզ Մուսթաֆայեվը, որը նկարահանումներ էր կարատել 1992թ. փետրվարի 28-ին և մարտի 2-ին, թերահավատորեն վերաբերվեց դեպքերի վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական մեկնաբանությանը և սկսեց իր սեփական հետազոտությունները: Մոսկովյան Դ-պրեսս լրատվական գործակալությանը Չինգիզ Մուսթաֆայեվի ուղարկած առաջին իսկ հաղորդագրությունը շատ թանկ արժեցավ նրա համար. լրագրողը սպանվեց Աղդամից ոչ հեռու անհայտ հանգամանքներում:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը անձամբ է խոստովանել, որ երկրի նախկին ղեկավարությունը նույնպես մեղավոր էր Խոջալուի ողբերգության համար:  Ըստ «Բիլիք դունյասը» լրատվական գործակալության հաղորդագրության՝ 1992թ. Ալիևը հայտարարել է. «Արյունահեղությունը մեր օգտին կլինի: Մենք չպետք է խառնվենք իրադարձությունների զարգացմանը»: Թե ում էր ձեռնտու արյունահեղությունը, հայտնի է բոլորին: Չի կարելի հերքել այն փաստը, որ եթե ԱԱՃ հեռու գնացող նպատակներ էր հետապնդում, ապա դրանք իրականացան: Մութալլիբովը զրկվել է աթոռից, միջազգային հանրությունը ցնցված է, իսկ ադրբեջանցիներն ու նրանց թուրք եղբայրները հավատաց այպես կոչված «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանությանը Խոջալուում»:7

Եվս մեկ ողբերգական մանրամասնություն: Դա պարզ դարձավ դեպքերից անմիջապես հետո. փետրվարի 26-ին «խաղաղ» Խոջալուում 47 հայ պատանդ էր վերցվել: Փաստ, որը ողբերգությունը «լուսաբանող» ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները չէին հիշատակում: Խոջալուի ազատագրումից հետո գտնվեցին միայն 13 պատանդներ (այդ թվում 6 կին և 1 երեխա), իսկ մնացածներ 34-ը ադրբեջանցիների կողմից տարվել էին անհայտ ուղղությամբ: Միայն հայտնի է, որ օպերացիայի գիշերը նրանք դուրս էին բերվել գյուղից և չէին հասել Աղդամ:

Մինչև այսօր նրանց մասին չկա որևէ տեղեկություն: Պարզ չէ նաև, արդյո՞ք նրանք գտնվում են ադրբեջանական գերության մեջ, թե ոչ:

Վերոհիշյալ փաստերի հիման վրա վստահորեն կարելի է ասել, որ Խոջալուի խաղաղ բնակչության սպանդը ադրբեջանցիների ձեռքի գործն էր: Նրանք կատարել են այս հանցագործությունը սեփական ժողովրդի դեմ հանուն քաղաքական ինտրիգների և իշխանության համար պայքարի:

Նշումներ
1Օգոնյոկ (ամսեգիր), թիվ. 14-15, 1992 
2Նեզավիսիմաեա գազետա, Ապրիլի 2 1992 
3Նովոյե Վրեմյա, Մարտի 6 2001 
4Նեզավիսիմաեա գազետա, Փետրվար 1993
5Զերկալո (թերթ), Հուլիս 1992 
6Մուհալիֆաթ (թերթ), Ապրիլ 28 1992
7Մեգապոլիս Եքսպրեսս, թիվ 17, 1992