Արցախի Հանրապետություն. պատմություն և այժմեականություն

 

Արցախի Հանրապետություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման գործընթացում, ԽՍՀՄ պետական կառույցում ներառված ազգային-պետական կազմավորման` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի /ԼՂԻՄ/ և հայաբնակ Շահումյանի շրջանի հիմքի վրա: Մայրաքաղաքը՝ Ստեփանակերտ։ ԼՂՀ-ն հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան: Այդ օրվանից ի վեր հանրապետության իշխանությունները հետևողականորեն վարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված քաղաքականություն:

Լեռնային Ղարաբաղը (հայերեն ինքնանվանումն Արցախ) գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում և հնուց ի վերհանդիսացել է պատմական Հայաստանի 15 նահանգներից մեկը, որի հյուսիսարևելյան սահմանը, ըստ բոլոր հնագույն աղբյուրների, Կուր գետն է: Լեռնային երկրամասի բնակլիմայական պայմանները պայմանավորված են նպաստավոր աշխարհագրական դիրքով: Հին հայկական Ուրարտու պետության կազմում /մ.թ.ա. VIII-V դդ./ Արցախը Հայաստանը և Աղվանքըհիշատակվում է Ուրտեխե-Ուրտեխինի անվամբ: Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և անտիկ այլ հեղինակների աշխատություններում նշվում է, որ Հայաստանի և լեռնային ժողովուրդների խառնակույտ ներկայացնող կովկասյան հարևան հնագույն պետության՝ Աղվանքի /Աղուանք/ միջև սահմանը հանդիսանում էր Կուր գետը:

Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանումից հետո /387 թ./ Արևելյան Անդրկովկասի տարածքը, այդ թվում և Արցախը, անցավ Պարսկաստանին, ինչը, սակայն, մինչև ուշ միջնադար ազդեցություն չունեցավ տարածաշրջանի էթնիկ սահմանների վրա. Կուրի աջակողմյան ափն Արցախի հետ միասին շարունակեցին մնալ հայաբնակ: Եվ միայն XVIII դարի կեսերին Արցախ-Ղարաբաղի հյուսիսային սահմաններ սկսեցին թափանցել թուրքական քոչվոր ցեղեր, որը հայկական իշխանական տների հետ պատերազմների սկիզբը դրեց:

Ղարաբաղի մելիքությունները /իշխանությունները/, որոնք կառավարվում էին ժառանգական, ավատակալվածքային իշխանների՝ մելիքների կողմից, կարողացան պահպանել փաստացի ինքնիշխանություն, այդ թվում ունենալով նաև սեփական, իշխանական և այլ տիպի զորամիավորումներ: Ստիպված լինելով հարյուրամյակների ընթացքում դիմակայել ոչ միայն Օսմանյան կայսրության զորքերի հարձակումներին, քոչվոր ցեղերի և մեծաքանակ ու հաճախ թշնամաբար տրամադրված հարևան խաների ջոկատների, այլ նաև հենց պարսկական շահերի զորաբանակների արշավանքներին՝ Արցախի մելիքները ձգտում էին ազատագրվել այլադավան գերիշխանությունից: Այդ նպատակով XVII-XVIII դդ. Ղարաբաղի մելիքները նամակագրության մեջ էին գտնվում ռուսական ցարերի, այդ թվում՝ Պետրոս I և Պավել I կայսրերի հետ:

Ելիզավետպոլի նահանգը, որը ներառում էր Արցախի տարածքը1805 թվականին «Ղարաբաղի խանություն» ձևական անունը ստացած Արցախի պատմական տարածքը, Արևելյան Անդրկովկասի այլ լայնարձակ տարածքների հետ միասին անցավ Ռուսական կայսրության տիրապետության՚ տակ, որն ամրագրվեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի /1813 թ./ և Թուրքմենչայի /1828 թ./ պայմանագրերով:

Սկսվեց խաղաղ կյանքի ժամանակաշրջանը, որը տևեց մինչև 1917 թվականը: Ռուսական կայսրության անկումից հետո, Կովկասում պետությունների կազմավորման նոր գործընթացում, Լեռնային Ղարաբաղը 1918-1920 թթ. դարձավ իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության և թուրքական ինտերվենցիայի պայմաններում ձևավորված նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության միջև սկսված դաժան պատերազմի թատերաբեմ: Վերջինս իր կազմավորման պահից տարածքային պահանջներ ներկայացրեց Անդրկովկասի հայկական զգալի տարածքներինկատմամբ:

Շուշի, 1920Թուրքական կանոնավոր զորքերն ու ադրբեջանական զորամիավորումներն, օգտվելով համաշխարհային պատերազմի և  Ռուսական կայսրության անկման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, որպես Թուրքիայում 1915 թ. հայերի ցեղասպանության շարունակություն, 1918-1920 թթ. բնաջնջեցին հարյուրավոր հայկական գյուղեր, կազմակերպեցին հայերի ջարդեր Բաքվում և Գյանջայում: Եվ միայն Լեռնային Ղարաբաղում այդ կազմավորումները հանդիպեցին ԼՂ Ազգային խորհրդի կողմից կազմակերպված լուրջ զինված դիմադրության, չնայած նրան, որ երկրամասի մայրաքաղաք Շուշին 1920 թ. մարտի 23-ին հրկիզվել էր ու թալանվել, իսկ նրա հայ բնակչությունը՝ բնաջնջվել:

Հենց այդ ժամանակ էր, որ միջազգային հանրությունն անհրաժեշտ համարեց խառնվել էլ ավելի ողբերգական բնույթ ստացած հակամարտությանը: 1920 թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի V Կոմիտեն, III ենթակոմիտեի զեկույցի հիման վրա, արձագանքելով Ադրբեջանի տարածքային հավակնություններին, միաձայն արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանն Ազգերի Լիգա ընդունելու դեմ: Այն ժամանակ Ազգերի Լիգան մինչև հակամարտության վերջնական կարգավորումը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես վիճելի տարածք, ինչի հետ համաձայնեցին հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում և Ադրբեջանը: Եվ այսպես, 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման ժամանակաշրջանում նրա ինքնիշխանությունը չէր տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա /ինչպես և՝ Նախիջևանի/:

Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ: 1920 թ. Խորհրդային Ադրբեջանի հռչակումից հետո ռուսական զորքերը մինչև հարցի խաղաղ լուծումը, համաձայն Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև պայմանագրի, ժամանակավորապես զբաղեցրեցին ԼեռնայինՂարաբաղը:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումիցան միջապես հետո, Ադրբեջանի Հեղկոմը /Հեղափոխական կոմիտե - բոլշևիկյան այն ժամանակվա իշխանության գլխավոր մարմին/ հայտարարությամբ ճանաչեց «վիճելի տարածքների»՝ ԼեռնայինՂարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի՝ Հայաստանի անբաժանալի մաս լինելը: Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին հայտարարության պահին այդ տարածքները չէին մտնում Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:

Վիճելի տարածքների նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության ևՀայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921 թ. հունիսին Հայաստանը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մասը: Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում /«Բաքվի աշխատավոր» - Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան. 1921 թ. հունիսի 22/: Այդպիսով, Լեռնային Ղարաբաղը փաստացի միացավ Հայաստանին։       

Միացման ակտը ողջունեց միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, ինչն ամրագրված է Ազգերի Լիգայի ժողովի /Ասամբլեա/ բանաձևում /18.12.1920 թ./, Ազգերի Լիգայի գլխավոր քարտուղարի՝ Ազգերի Լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում և ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի /նախարարության/՝ իշխանության բարձրագույն մարմնին՝ Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-1921 թթ. տարեկան զեկույցում:

Շուտով, սակայն, Ռուսաստանի բոլշևիկյան ղեկավարությունը, «համաշխարհային կոմունիստական հեղափոխությանն» օժանդակելու քաղաքականության համատեքստում, որում Թուրքիային վերապահվում էր «Արևելքում հեղափոխության ջահակրի» դերը, փոխում է իր վերաբերմունքը «վիճելի տարածքների» խնդրի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Ադրբեջանի ղեկավարությունը վերսկսում է խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հավակնությունների մասին: ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի պլենումը, քամահրելով Ազգերի Լիգայի որոշումը և մերժելով ժողովրդական հանրաքվեն /պլեբիսցիտ/՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման ժողովրդավարական մեխանիզմ, 1921 թ., Ստալինի անմիջական ճնշման ներքո և ի հակադրումն միացման ակտի, արարողակարգային խախտումներով որոշում է ընդունում Հայաստանից Լեռնային Ղարաբաղի բռնի անջատման մասին՝ այդ հայկական տարածքներում ԱդրբեջանականԽՍՀ կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով:

ԼՂԻՄ սահմանների վերաձևումները խորհրդային տարիներինԱդրբեջանն ամեն կերպ ձգձգում էր Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալու պահանջների կատարումը: Բայց Ղարաբաղի բնակչության երկամյա զինված պայքարի և ՌԿ/բ/Կ պնդմամբ 1923 թ. երկրամասի մի փոքր մասին տրվում է ինքնավար մարզի կարգավիճակ, որը ԽՍՀՄ պետական կառույցում ազգային պետական կազմավորման սահմանադրական ձևերից մեկն էր: Ավելին՝ Լեռնային Ղարաբաղը մասնատվեց. մի մասում կազմավորեցին ինքնավարություն, իսկ մյուս մասը տարրալուծեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջաններում: Ընդ որում՝ այնպես, որպեսզի չեզոքացվեր ֆիզիկական ու աշխարհագրական կապը Հայաստանի և հայկական ինքնավարության միջև: Այսպիսով, Ազգերի Լիգայի կողմից «վիճելի» ճանաչված տարածքների նշանակալի մասն ուղղակի բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին և ինքնավար մարզի սահմաններից դուրս մնաց Լեռնային Ղարաբաղի մեծ մասը՝ Գյուլիստանը, Քարվաճառը /Քելբաջար/, Քարահատը /Դաշքեսան/, Քաշաթաղը /Լաչին/, Շամխորը և այլն:

Այդպիսով, ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծվեց, այլ սառեցվեց 70 տարով, չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բազմիցս նամակներով և հանրագրերով դիմել է Մոսկվայի կենտրոնական իշխանությանը՝ պահանջելով չեղյալ համարել1921 թվականի հակասահմանադրական և անիրավասու որոշումը և քննարկել Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի կազմը տեղափոխելու հնարավորությունը:

Ստեփանակերտ, Արցախ, 1988-ի փետրվար1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ դարձավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայն բարձրացրեց սեփական իրավունքների ու ազատության պաշտպանության օգտին: Հետևելով գործող բոլոր իրավական նորմերին և օգտագործելով կամքն արտահայտելու բացառապես ժողովրդավարական ձևերը, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հանդես եկավ Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: Այդ իրադարձությունները բեկումնային եղան ոչ միայն արցախցիների կյանքում. դրանք, փաստորեն, նախասահմանեցին ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը: 1988 թ. փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որը դիմում էր՝ ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմի մեջ մտնելու մասին և ԽՍՀՄ ԳԽ-ին՝ այդ դիմումը բավարարելու մասին՝ հիմնվելով իրավական նորմերի և ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա: 

Սումգայիթ, 1988-ի փետրվարի 27-29Սակայն, վեճը քաղաքակիրթ հուն տեղափոխելուն ուղղված յուրաքանչյուր գործողությանը հետևում էին բռնության ծավալում, հայ ազգաբնակչության իրավունքների զանգվածային և համատարած ոտնահարում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում և այլն: ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ադրբեջանական քաղաքներում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, իսկ հետո նաև ողջ Ադրբեջանում կազմակերպվեցին հայերի ջարդեր ու զանգվածային սպանություններ, որոնց հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից ու գյուղերից շուրջ 450 հազար հայեր դարձան փախստականներ:

1991 թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: 

Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես՝ 1990 թ. ապրիլի 3-ի՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքում, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:

1991 թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնականան կումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում կայացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89%-ը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունն իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Օգտագործելով իր տարածքում կենտրոնացված ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի զենքն ու զինամթերքը՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այդ պատերազմը փոփոխական հաջողություններով 1991 թ. աշնանից շարունակվեց մինչև 1994 թ. մայիս: Եղան պահեր, երբ ԼՂՀ տարածքի գրեթե 60 տոկոսը գրավված էր, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը գրեթե անդադար հրետակոծումների և ռմբակոծումների էին ենթարկվում:

Ազատագրված Շուշին, 1992-ի մայիս1992 թ. մայիսին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը կարողացան ազատագրել Շուշի քաղաքը, Բերձորը (Լաչին)՝ հնարավորություն ստեղծելով վերամիավորել ԼՂՀ և Հայաստանի Հանրապետության տարածքները՝ դրանով իսկ մասնակիորեն վերացնելով ԼՂՀ երկարամյա շրջափակումը:

1992 թ. հունիս-հուլիս ամիսներին ադրբեջանական բանակին հաջողվեց գրավել ԼՂՀ ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մի մասը:

Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու նպատակով ԼՂՀ-ի կյանքն ամբողջովին տեղափոխվեց ռազմական հուն. 1992 թ. օգոստոսի 14-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ ինքնապաշտպանության անջատ ջոկատներրը վերաձևավորվեցին և ամուր կարգապահության ու միահրամանատարության հիմունքներով կազմեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը:

ԼՂՀ Պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Ադրբեջանի կողմից ավելի վաղ շրջանում ԼՂՀ գրավված տարածքները, մարտական գործողությունների ընթացքում ազատագրելով նաև հանրապետությանը սահմանամերձ, կրակակետերի վերածված մի շարք հայկական շրջաններ, որոնք ժամանակին դուրս էին թողնվել ինքնավար մարզի կազմից:

1994 թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Կիրգիզիայի և ԱՊՀ Միջխորհրդարանական ժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին այդ նույն կողմերը պայմանավորվեցին կրակի դադարեցման շուրջ, որը գործում է ցայսօր:

1992 թ. մարտին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորմանը միացավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության Խորհուրդը (1994 թ. դեկտեմբերից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն)։ 1997 թ. ընդունվեց Մինսկի խմբի եռանախագահությունը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), որը մինչ այսօր կողմերի միջև բանակցությունների միակ համաձայնեցված ձևաչափն է։ Այն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական գործունեություն իրականացնելու մանդատ է ստացել ԵԱՀԿ-ից։ Ստեփանակեերտ, Արցախ, մեր օրեր...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերին ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների լիարժեք մասնակցությամբ` կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչև կոնկրետ քայլերի և պայմանավորվածությունների մշակում և իրագործում:

Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կծառայեն տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատմանը։