Մելքոնյան Մոնթե

Մելքոնյան Մոնթե Չառլզի, «Ավո» 

[25.11.1957, Վայսիլիա (Կալիֆորնիա, ԱՄՆ) – 12.06.1993, գ. Մարզիլու, Աղդամի մոտ, Արցախ ]

Մոնթե Մելքոնյանն ազգային-ազատագրական շարժման գործիչ է, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ բանակի փոխգնդապետ (1994 թ. հետմահու):

Ավարտել է Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը (1978 թ.), որտեղ հիմնել է «Հայ ուսանողական միություն»: 1978 թ.-ին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն չի ավարտել, մեկնել է Լիբանան, քաղաքացիական պատերազմի ժամանակ (շուրջ երեք տարի) մասնակցել Բեյրութի հայկական թաղամասի պաշտպանական կռիվներին: 1980 թ.-ի մայիսից եղել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ՝ ԱՍԱԼԱ) գլխավոր ռազմական մարզիչը: 1983-ին հեռացել է ՀԱՀԳԲ-ից (քաղաքական գծի և գործելակերպի հարցում անհամաձայնության պատճառով) և հիմնել ՀԱՀԳԲ-ի հեղափոխական շարժումը: 1985-ի  նոյեմբերի 27-ին Փարիզում ձերբակալվել է կեղծ անձնագիր ու պայթուցիկ նյութեր ունենալու մեղադրանքով և բանտարկվել մինչև 1989-ը:

1990 թ.-ի հոկտեմբերից Մոնթե Մելքոնյանը զորագրվել է Արցախի պաշտպանությանը: 1991 թ.-ի սկզբին հիմնել է «Հայրենասիրական ջոկատը»: 1992 թ.-ին` Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար: Մոնթեն մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բոզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1992-ի սեպտեմբերին, 1993-ի մարտին, մայիսին, հունիսին  ղեկավարել է Մարտունիի, Քելբաջարի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ«Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: 1994-ին Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը: Մոնթեի անունով է կոչվել ՊՆ ռազմական ուսումնարանը: Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված է նրա հուշարձանը: Թաղված է Եռաբլուրում:

Նյութն ըստ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարանի