Պետական խորհրդանիշներ

Պետական դրոշ

Արցախի Հանրապետության պետական դրոշն Արցախի անկախ պետականության խորհրդանիշն է, նրա պաշտոնական տարբերանշանը:

ԱՀ պետական դրոշն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992 թվականի հունիսի 2-ին:

Արցախի Հանրապետության պետական դրոշը մի ուղղանկյունաձև կտոր է` հորիզոնական և հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2:

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո. 

Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, անկախության և ազատության համար. 

Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:

Պետական զինանշան

Պետական զինանշանը Արցախի Հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է: Պետական զինանշանն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը: 

Արցախի Հանրապետության պետական զինանշանը մի թևատարած արծիվ, որի գլխավերեւում տարածվում են արևի ճառագայթները, և Արտաշիսյանների հարստության թագն է: Կենտրոնում Արցախի Հանրապետության պետական դրոշի և Մեծ Քիրս լեռան ֆոնի վրա «Տատիկ և Պապիկ» քանդակի պատկերն է: Ներքևի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»:

 Պետական օրհներգ

 ԱՀ պետական օրհներգն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992 թ. նոյեմբերի 17-ին: «Հիմն Արցախի» տեքստի հեղինակը Վարդան Հակոբյանն է, երաժշտությանհեղինակը` Արմեն Նասիբյանը: