Արցախի պատմամշակութային կոթողները

Գանձասարի վանական համալիր

Գանձասարը 10-13-րդ դարերի վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր:

Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դ.): Արցախի Իշխանաց իշխան Հասան-Ջալալի հովանավորությամբ 1216-1238 թթ.-ին կառուցվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և օծվել 1240-ի հուլիսի 22-ին: Գանձասարը 1400-1816 թթ. Աղվանից կաթողիկոսության նստավայրն էր: 18-րդ դ. սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժման ղեկավար գործիչները: Գանձասարը պահպանեց ազատագրական շարժման կենտրոնի դերը մինչև 1815-ը:

Գանձասարի վանական համալիրը շրջապատված է բարձր պատերով և ներառում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Որոշ արվեստաբաններ գտնում են, որ վանքը կարելի է դասել հայկական ճարտարապետության գլուխգործոցների շարքը: Անատոլի Յակոբսոնը (խորհրդային նշանավոր միջնադարագետ-հնագետ) Գանձասարը նկարագրել է այսպես. «Ճարտարապետական արվեստի մարգարիտ... Սա միջնադարյան ճարտարապետության ու քանդակագործության եզակի կոթող է, որն իսկապես պետք է համարվի 13-րդ դարի հայկական մշակույթի հանրագիտարան»:

Գանձասարի պատերին առկա են բազմաթիվ հայերեն արձանագրություններ: Դրանք հետազոտողների ուշադրության կենտրոնում են հայտնվել դեռևս 19-րդ դարից: Հատկանշական է, որ Հովսեփ Օրբելին 1909 թ. հաշվեց ավելի քան 84 արձանագրություն, որոնցից մեկում ներկայացվում է եկեղեցու կառուցման պատմությունը:

Գանձասարը ներկայումս Արցախի հոգևոր կենտրոններից մեկն է:

*  *  *

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է Շուշիի կենտրոնում: Այն կառուցվել է 1868-1887 թթ.-ին և հանդիսանում է հայկական լեռնաշխարհի երբևէ կառուցված եկեղեցական-ճարտարապետական  գլուխգործոցներից մեկը: Արցախի երկրորդ հոգևոր կենտրոնն է Գանձասարից հետո: Ներկայումս այն Արցախի հոգևոր թեմի առաջնորդի նստավայրն է:

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց և զանգակատնից: Զանգակատան կառուցման մասին առկա են բազմաթիվ արձանագրություններ, որոնցից մեկում արևելյան պատի վրա առկա է վկայություն, որ զանգակատունը կառուցվել է Ղազանչի գյուղից Գաբրիել Հովսեփյան-Բադիրյանցի հիշատակին: 1920 թ.-ի մարտին՝ Մուսավաթական Ադրբեջանի կողմից Շուշիի հայության կոտորածից և քաղաքը հրկիզելուց հետո, եկեղեցին դադարում է գործել: Երկրամասի՝ Ադրբեջանի իշխանության տակ գտնվելու մոտ 70 տարիների ընթացքում կործանվել են տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, իսկ տաճարը ծառայեցվել է որպես ամբար, ապա՝ ավտոտնակ: Արցախյան ազատամարտի տարիներին այն ծառայեցվում էր Ստեփանակերտը և շրջակայքը ռմբակոծելու համար և որպես Գրադ համալիրի պահեստ:

1992 թ. Շուշիի ազատագրումից հետո եկեղեցին՝ որպես հոգևոր կենտրոն, սկսում է վերստին գործել:

*  *  *

Դադիվանք

Դադիվանքը  (Խութավանքը)  պատմական  Արցախի  վանական  համալիրներից  է,գտնվում  է  Արցախի  Շահումյանի շրջանում։  Կառուցվել  է  9-13-րդ  դդ.:

Համաձայն  լեգենդի`  եկեղեցին  հիմնվել  է  Քրիստոսի  առաքյալներից Թադևոսի  հետևորդ  Դադիի  կողմից  1-ին  դարում։  Պատմական աղբյուրներում  եկեղեցին  1-ին  անգամ  հիշատակվել  է  9-րդ  դարում։ Մխիթար  Գոշի  կողմից  եկեղեցու  մասին  հաղորդում  է  տրվել  12-րդ դարում։  Սակայն  նույն  դարում  էլ  վանական  համալիրը  ասպատակության է  ենթարկվել  ու  ավերվել։  Եկեղեցու  վերակառուցումը  սկսվել  է  12-րդ դարի  2-րդ կեսին  և  ավարտվել  13-րդ  դարում։  Այդ  մասին  հիշատակություն  կա Դադիվանքի  պատին,  որտեղ  նշվում  է,  թե  այդ  աշխատանքները կատարվել  են  1224  թ.-ին։

Դադիվանքի  վանական  համալիրը  ներառում  է  Սբ.  Աստվածածին Կաթողիկե  եկեղեցին,  մատուռը,  գավիթները  և  այլ  օժանդակ  տարածքներ։ Արևելյան  պատի  վրա  տեղադրված  են  իրենց  նշանակությամբ  բացառիկ խաչքարեր։

Հարևանությամբ  կառուցված  է  եռահարկ  զանգակատունը,  որը  հիմնվել  է 1334  թ.-ին  Սարգիս  եպիսկոպոսի  կողմից։  Արցախի  հայ  հոգևոր  և իշխանական  տների  գործունեության  մասին  վկայություններ  են պահպանվել  Դադիվանքի  տարբեր  հատվածներում  թողնված արձանագրություններում։

2001  թվականի  հոկտեմբերի  8-ին  Եվրոպայի  խորհրդի Խորհրդարանական  վեհաժողովի  16  անդամների  կողմից, որոնց  կազմում էին  Հայաստանի,  Կիպրոսի,  Իտալիայի,  Ռումինիայի,  Հունաստանի  և Ռուսաստանի  ներկայացուցիչներ,  ստորագրվեց  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  պատմամշակութային  ժառանգության  պահպանմանը վերաբերող  No  9256  փաստաթուղթը,  ըստ  որի`  Լեռնային  Ղարաբաղում ադրբեջանական  քաղաքականության  աղաղակող  փաստերից  է Դադիվանքի  ավերումը, որը  «տեղի  մահմեդական  բնակչությունը (ադրբեջանցիները),   համարելով  հայկական  քրիստոնեական  կրոնի մնացորդ,    ավերել էր այն,  ինչպես  կարողացել էր:  1994-ին  վանքը վերաբացվել  է:

Վանքային  համալիրը  պատկանում  է  Հայաստանյայց  Առաքելական  Սուրբ Եկեղեցու  Արցախյան  թեմին։

*  *  *

Ամարասի վանք

Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության  Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին (ըստ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի), իսկ նրա կառուցումը նաև կապված է Արցախի թեմի առաջին եպիսկոպոս Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի անվան հետ, ով էլ թաղված է եկեղեցու արևելյան կողմում: Նրա շիրիմի վրա կառուցվել է ներգետնյա դամբարան: Հայկական գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի 1-ին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր:

Ամարասի վանքի մասին վկայություններ են թողել բազմաթիվ հայ պատմիչներ Մովսես Կաղանկատվացին, Ստեփանոս Օրբելյանը և այլք:

Վանական համալիրը տարբեր ժամանակահատվածներում օգտագործվելէ տարբեր նպատակներով. ծառայել է որպես ամրոց, մաքսատուն, ապա նաև 19-րդ դարում վերականգնվել է և 1992-ից կրկին ծառայում է որպես եկեղեցի: Այն Արցախի հայկական ճարտարապետական վաղ շրջանի կոթողներից մեկն է: