Գորգագործությունն արվեստի ավանդական տեսակ է` տարածված Հայաստանի բոլոր շրջաններում, բայց Ղարաբաղի գորգերն իրենց յուրահատկությունների և ճանաչվածության պատճառով ուրույն տեղ ունեն հայկական գորգագործության մեջ: Մինչ 1870-ականներին անինիլինային սինթետիկ ներկերի տարածումը ղարաբաղյան գորգերի հարուստ գույները ստանում էին միայն բնական նյութերից, մեծամասամբ՝ շրջանին հատուկ բույսերից և հանքանյութերից: Ինդիգոն (լեղակ) ներմուծվել է արևելքից, իսկ որդաներկը` Արարատյան դաշտավայրից: Որոշ գյուղեր և բնակավայրեր երբեք էլ չեն ընդունել սինթետիկ ներկերը` հավատարիմ մնալով իրենց ավանդական բնական մեթոդներին:
Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի համալսարանի հայագիտական ծրագրի տնօրեն դոկտոր Տիգրան Կույումջյանի հավաստմամբ՝ տարբեր հնագույն աղբյուրներ վկայում են Հայաստանում վարպետորեն պատրաստված գորգերի և այլ կտորների մասին: Հնագույն հայկական գորգերի մեջ մի յուրօրինակ նմուշ հանդիսացող Գոհար գորգը, որը Տիգրան Կույումջյանն անվանել է «ամենամեծ և նրբինը», գործվել է Ղարաբաղում և ունի ստորագրություն, որում մատնանշում է գործողին՝ «Գոհար», և պատրաստման տարեթիվը` 1700 թ.: «Մեկ այլ հայտնի գորգ, որը գործվել է Արցախում 1731 թ.-ին Աղվանքի Ներսես կաթողիկոսի համար, պահվում է Երուսաղեմի Սբ. Ջեյմս վանքում». վկայում է Տիգրան Կույումջյանն իր «Գորգագործությունը Հայաստանում – հետազոտություն» խորագրով հոդվածում:
Ղարաբաղում, ինչպես և Հայաստանի այլ շրջաններում, կարպետներն ու գորգերը ի սկզբանե չեն պատրաստվել վաճառքի համար: Դրանք համարվում էին կենցաղային իրեր և ընտանեկան մասունքներ, բայց ոչ ապրանք: Գորգը տանից դուրս հանելը համարվում էր վատ նախանշան: Մասունք համարվող գորգերը պաշտպանական նշանակություն ունեին և հաճախ խորհրդանշում էին բերրիություն:
Ղարաբաղի գորգերը հարուստ են ընտանեկան զինանշանների և հին առասպելների խորհրդանշաններով, որոնց մի մասը թվագրվում է հին ժամանակներին: Չնայած գորգերը դարեր շարունակ փոփոխությունների են ենթարկվել, բայց մեծ մասի նախշերը պահպանել են իրենց սկզբնական տեսքը: Ամենատարածված խորհրդանիշերից է վիշապը: Թեև վիշապը կարպետների և գորգերի տարածված խորհրդանիշ է ամբողջ Կովկասով մեկ, այն հիմնականում XVIII դարում Ղարաբաղից հայերի մեծ արտահոսքի արդյունք է, ովքեր իրենց հետ նոր բնակավայրեր էին տարել գորգագործության իրենց ավանդույթները: Ղարաբաղյան գորգերում մեկ այլ տարածված խորհրդանշան է մեդալիոնը: Առկա են հինգ հիմնական տեսակի մեդալիոններ, թեև մի շարք այլ տարբերակների նույնպես կարելի է հանդիպել: Նրանք, ամենայն հավանականությամբ, բխում են հայտնի ընտանիքների և մելիքների (կիսաանկախ իշխանների) զինանշաններից, ովքեր գլխավորում էին Ղարաբաղի իշխանությունները սկսած միջին դարերից մինչև XIX դարը: Որոշ մեդալիոնների անվանումների վերջում առկա է «բերդ» վերջածանցը, որից կարելի էենթադրել, որ յուրաքանչյուր բերդ ուներ իր զինանշանը: Դրանք ներառում են Ջրաբերդ, Արևաբերդ և Օձաբերդ անվանումները և կազմված են ճանկախաչից (խորհրդանշում է իշխանություն և հավերժություն) և գալարվող վիշապներից:
XIX դարի սկզբին Անդրկովկասը միացվեց Ռուսական կայսրությանը: Արցախի մելիքությունները վերացվեցին, սակայն նրանց ավանդական մեդալիոնները երկար մնացին գորգագործության արվեստում: Չնայած զինանշաններն ումեդալիոնները Ղարաբաղի պատմական իշխանների մասունքներն են, գորգերի վրա օգտագործված խորհրդանշաններն արտացոլում են այդ հինավուրց հողի բնակիչների առօրյա կյանքը և կենցաղը: Նմանատիպ գորգերի կենտրոնական զարդանախշ է հանդես գալիս թագադրված ցուլը, որի դերը Ղարաբաղի ժողովրդի կյանքում չի սահմանափակվել զուտ գյուղատնտեսական գործառույթներով: Հին ժամանակներում ցլին մեծարում էին: Նույնիսկ մահանալուց հետո նրա գանգը դրվում էր տան տեսանելի վայրում՝ որպես թալիսման: Շատ գորգերի վրա առկա են նաև ցուլի կաշվի և ոչխարի բրդի, ինչպես նաև հեթանոսական սրբազան խորհրդանշանների պատկերներ: Մեծաթիվ են նաև այն ղարաբաղյան գորգերը, որոնք ունեն արծվի բազմազան պատկերներով խոհրդանիշեր. արծիվը համարվում էր իշխանության, ուժի և անհունության ձգտման խորհրդանիշը:
XX դարի սկզբին հայկական քաղաքների մեծ մասում ձեռագործ գորգերի ու կարպետների արտադրությունը կանգնեց: Ջարդերի և շարունակական տեղահանությունների արդյունքում արժեքավոր հայկական գորգերի մեծ մասը կորավ կամ ոչնչացվեց: Գորգագործության արվեստն անցել էր սերնդեսերունդ, և ընտանիքների ոչնչացումն ու տարանջատումը համարյա անհնարին դարձրին այդ ավանդույթի շարունակումը: Այնուամենայնիվ, Ղարաբաղում գորգագործությունը` որպես արվեստիտեսակ և արհեստ, պահպանվեց խորհրդային ժամանակաշրջանում:
XIX-XX դդ.–ում Շուշիի գորգերն ամենալավն էին տարածաշրջանում և վաճառվում էին բոլոր հարևան քաղաքներում: 1907 թ.–ին Շուշիի գորգերի գործարանում աշխատում էին 120 կանայք: Տարեկան արտադրում էին 600-700 գորգեր, որոնց մեծ մասը արտահանվում էր Եվրոպա: Խորհրդային տարիներին գործարանը տեղափոխվեց Ստեփանակերտ: Այսօր ձեռագործ կարպետներն ու գորգերն արտադրվում են ոչ միայն Ստեփանակերտում և Շուշիում, այլև շրջակա գյուղերում, մասնավորապես՝ Ծաղկաշատ գյուղի ազգագրական թաղամասում գտնվող «Նիկոլ Դուման» տուն-թանգարանում: Այս գորգերը մինչ այսօր էլ հայտնի են և մեծ համբավ ունեն իրենց բարձր որակի շնորհիվ: Ներկայումս հայկական գորգերի նախշերը օգտագործվում են նաև նորաձևության և դիզայնի ոլորտում: Հիմնական գույները, որոնք օգտագործվում են Ղարաբաղի գորգերում, կարմրի, կապույտի ևշագանակագույնի մուգ երանգներն են: