Պետական իշխանություն

Արցախի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հանրապետությունում պետական իշխանության համակարգը հիմնված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման, ինչպես նաև իշխանության հանրապետական և տեղական մարմինների լիազորությունների տարանջատման սկզբունքների վրա:

Պետության գլուխն է Հանրապետության Նախագահը, ով ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության Նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:

Նախագահը ներկայացնում է Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը:

Նա հանդիսանում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Նախագահը կազմավորում է Անվտանգության խորհուրդը և նախագահում այն:

Պետության ղեկավարը լուծում է ԱՀ քաղաքացիություն և քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը:

Նա պարգևատրում է ԱՀ շքանշաններով ու մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ:

Նախագահը լուծում է դատապարտյալին ներում շնորհելու հարցը:

 Արցախի Հանրապետության օրենսդիր իշխանության գերագույն մարմինն Ազգային ժողովն է, որն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

Ազգային ժողովը բաղկացած է ոչ պակաս, քան 27 և ոչ ավել, քան 33 պատգամավորներից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

 Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի կամ, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ:

 Կառավարությունը Հանրապետության Նախահագի լիազորությունների իրականացմանն աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է, որը Նախագահի ծրագրի հիման վրա ու նրա ղեկավարությամբ մշակում և իրականացնում է պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը: 

Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից: Կառավարությունը կազմավորվում է Հանրապետության Նախագահի կողմից, որից հետո՝ քսանօրյա ժամկետում, Հանրապետության Նախագահը հրապարակում է իր ծրագիրը:

Կառավարության նիստերը հրավիրում և վարում է Հանրապետության Նախագահը: Կառավարության որոշումները հաստատում է Հանրապետության Նախագահը:

Արցախի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Արտակարգ դատարանների ստեղծումը հանրապետությունում արգելվում է:

Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Դատարանները Լեռնային Ղարաբաղում անկախ են: ԱՀ դատավորներն անփոփոխելի են և պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:

ԱՀ-ում դատական համակարգը կազմում են.

• գերագույն դատարան,
• վերաքննիչ դատարան,
• ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Գերագույն դատարանն Արցախի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանն է: Այն իրականացնում է սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը: