Գանձասարը 10-13-րդ դարերի վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր:
Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դ.): Արցախի Իշխանաց իշխան Հասան-Ջալալի հովանավորությամբ 1216-1238 թթ.-ին կառուցվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և օծվել 1240-ի հուլիսի 22-ին: Գանձասարը 1400-1816 թթ. Աղվանից կաթողիկոսության նստավայրն էր: 18-րդ դ. սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժման ղեկավար գործիչները: Գանձասարը պահպանեց ազատագրական շարժման կենտրոնի դերը մինչև 1815-ը:
Գանձասարի վանական համալիրը շրջապատված է բարձր պատերով և ներառում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Որոշ արվեստաբաններ գտնում են, որ վանքը կարելի է դասել հայկական ճարտարապետության գլուխգործոցների շարքը: Անատոլի Յակոբսոնը (խորհրդային նշանավոր միջնադարագետ-հնագետ) Գանձասարը նկարագրել է այսպես. «Ճարտարապետական արվեստի մարգարիտ... Սա միջնադարյան ճարտարապետության ու քանդակագործության եզակի կոթող է, որն իսկապես պետք է համարվի 13-րդ դարի հայկական մշակույթի հանրագիտարան»:
Գանձասարի պատերին առկա են բազմաթիվ հայերեն արձանագրություններ: Դրանք հետազոտողների ուշադրության կենտրոնում են հայտնվել դեռևս 19-րդ դարից: Հատկանշական է, որ Հովսեփ Օրբելին 1909 թ. հաշվեց ավելի քան 84 արձանագրություն, որոնցից մեկում ներկայացվում է եկեղեցու կառուցման պատմությունը:
Գանձասարը ներկայումս Արցախի հոգևոր կենտրոններից մեկն է:
* * *
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է Շուշիի կենտրոնում: Այն կառուցվել է 1868-1887 թթ.-ին և հանդիսանում է հայկական լեռնաշխարհի երբևէ կառուցված եկեղեցական-ճարտարապետական գլուխգործոցներից մեկը: Արցախի երկրորդ հոգևոր կենտրոնն է Գանձասարից հետո: Ներկայումս այն Արցախի հոգևոր թեմի առաջնորդի նստավայրն է:
Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց և զանգակատնից: Զանգակատան կառուցման մասին առկա են բազմաթիվ արձանագրություններ, որոնցից մեկում արևելյան պատի վրա առկա է վկայություն, որ զանգակատունը կառուցվել է Ղազանչի գյուղից Գաբրիել Հովսեփյան-Բադիրյանցի հիշատակին: 1920 թ.-ի մարտին՝ Մուսավաթական Ադրբեջանի կողմից Շուշիի հայության կոտորածից և քաղաքը հրկիզելուց հետո, եկեղեցին դադարում է գործել: Երկրամասի՝ Ադրբեջանի իշխանության տակ գտնվելու մոտ 70 տարիների ընթացքում կործանվել են տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, իսկ տաճարը ծառայեցվել է որպես ամբար, ապա՝ ավտոտնակ: Արցախյան ազատամարտի տարիներին այն ծառայեցվում էր Ստեփանակերտը և շրջակայքը ռմբակոծելու համար և որպես Գրադ համալիրի պահեստ:
1992 թ. Շուշիի ազատագրումից հետո եկեղեցին՝ որպես հոգևոր կենտրոն, սկսում է վերստին գործել:
* * *
Դադիվանքը (Խութավանքը) պատմական Արցախի վանական համալիրներից է,գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում։ Կառուցվել է 9-13-րդ դդ.:
Համաձայն լեգենդի` եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադիի կողմից 1-ին դարում։ Պատմական աղբյուրներում եկեղեցին 1-ին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Մխիթար Գոշի կողմից եկեղեցու մասին հաղորդում է տրվել 12-րդ դարում։ Սակայն նույն դարում էլ վանական համալիրը ասպատակության է ենթարկվել ու ավերվել։ Եկեղեցու վերակառուցումը սկսվել է 12-րդ դարի 2-րդ կեսին և ավարտվել 13-րդ դարում։ Այդ մասին հիշատակություն կա Դադիվանքի պատին, որտեղ նշվում է, թե այդ աշխատանքները կատարվել են 1224 թ.-ին։
Դադիվանքի վանական համալիրը ներառում է Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին, մատուռը, գավիթները և այլ օժանդակ տարածքներ։ Արևելյան պատի վրա տեղադրված են իրենց նշանակությամբ բացառիկ խաչքարեր։
Հարևանությամբ կառուցված է եռահարկ զանգակատունը, որը հիմնվել է 1334 թ.-ին Սարգիս եպիսկոպոսի կողմից։ Արցախի հայ հոգևոր և իշխանական տների գործունեության մասին վկայություններ են պահպանվել Դադիվանքի տարբեր հատվածներում թողնված արձանագրություններում։
2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից, որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի մահմեդական բնակչությունը (ադրբեջանցիները), համարելով հայկական քրիստոնեական կրոնի մնացորդ, ավերել էր այն, ինչպես կարողացել էր: 1994-ին վանքը վերաբացվել է:
Վանքային համալիրը պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախյան թեմին։
* * *
Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին (ըստ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի), իսկ նրա կառուցումը նաև կապված է Արցախի թեմի առաջին եպիսկոպոս Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի անվան հետ, ով էլ թաղված է եկեղեցու արևելյան կողմում: Նրա շիրիմի վրա կառուցվել է ներգետնյա դամբարան: Հայկական գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի 1-ին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր:
Ամարասի վանքի մասին վկայություններ են թողել բազմաթիվ հայ պատմիչներ Մովսես Կաղանկատվացին, Ստեփանոս Օրբելյանը և այլք:
Վանական համալիրը տարբեր ժամանակահատվածներում օգտագործվելէ տարբեր նպատակներով. ծառայել է որպես ամրոց, մաքսատուն, ապա նաև 19-րդ դարում վերականգնվել է և 1992-ից կրկին ծառայում է որպես եկեղեցի: Այն Արցախի հայկական ճարտարապետական վաղ շրջանի կոթողներից մեկն է: