Ղուլյան Աշոտ Հմայակի, «Բեկոր»
[6.10.1959, Բաքու – 24.8.1992, գ. Դրմբոն, Մարտակերտի շրջան, Արցախ]
Ղարաբաղյան շարժման գործիչ, զինագործ: Արցախի հերոս (1999): Շարժման սկզբին ընկերների աջակցությամբ պատրաստել է ինքնաշեն նռնակ, նռնականետ, 16 գծանի կարճափող հրացան և այլն, զբաղվել զենքի անլեգալ փոխադրմամբ, մասնակցել պարտիզանական գործողությունների: Աչքի է ընկել 1991-ին՝ Բաքվից Քելբաջար ուղարկվող ռազմական օգնության շարասյան ոչնչացման ժամանակ: 1991-ից եղել է 1-ին վաշտի հրամանատար: Մասնակցել է Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Մալիբեկլուի, Խոջալուի, Կրկժանի, Լեսնոյի, Քարինտակի, Լաչինի, Մարտակերտ-Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Աշոտ Ղուլյանը հատկապես աչքի է ընկել 1992-ին` Շուշիի ազատագրման ժամանակ: Մայիսի 7-ի գիշերը նրա վաշտն աննկատ մոտեցել է բանտի մատույցներին և լուսադեմին առաջինը մտել Շուշի: Ղուլյանը 11 անգամ վիրավորվել է, մարմնում ունեցել մեկ տասնյակից ավելի բեկորներ (այստեղից էլ` «Բեկոր» մականունը):
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ն աստիճանի, «Ոսկե արծիվ» շքանշաններով: Ղուլյանի անունով է կոչվել Արցախի Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային գումարտակը, Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ստեփանակերտում տեղադրված է նրա հուշարձանը:
Աշոտ Ղուլյանը թաղված է Ստեփանակերտում:
Նյութն ըստ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարանի
«ԱՐ» հեռուստաընկերության «Մեր մեծերը» հաղորդաշարի թողարկումը՝ նվիրված Աշոտ Ղուլյանին
Արցախյան շարժման գործիչ Ժաննա Գալստյանի երդումը Աշոտ Ղուլյանի հուղարկավորության ժամանակ